Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր` դեկտեմբերի 13-ին, ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին եւ ներկայացրել ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու անելիքները, նոր մոտեցումները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում ոստիկանության պետը նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները ժամանակի փորձություն անցած, դարավոր եղբայրական հարաբերություններ են, եւ համագործակցությունն ու գործընկերությունը մեր երկրների միջեւ առաջիկայում պետք է ավելի խորանան ու ընդլայնվեն: Անդրադառնալով Վրաստանի ոստիկանության բարեփոխումներին` ոստիկանապետը նշել է, որ այդ գործընթացը բավական հետաքրքիր, ընդունելի եւ ուսանելի է:
Թենգիզ Շարմանաշվիլին նշել է, որ իր գործունեության ընթացքում երկու անգամ է ականատես եղել ոստիկանական կառույցի բարեփոխումների, նախ` Վրաստանում, հիմա էլ` Հայաստանում:
Դեսպանը գոհունակություն է հայտնել ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կապակցությամբ` ընդգծելով, որ հարեւան Վրաստանը շահագրգռված է հայ ոստիկանների արդյունավետ աշխատանքով: Անդրադառնալով ոստիկանական ոլորտում հայ-վրացական համագործակցությանը` Թենգիզ Շարմանաշվիլին նկատել է, որ այն բարձր մակարդակի է, ինչը վկայում են կոնկրետ հանցագործությունների բացահայտումները: Ցանկալի է, նշել է դեսպանը, որ հայ եւ վրացի ոստիկաններն առաջիկայում առավել ակտիվացնեն փոխայցելություններն ու փորձի փոխանակումը, ինչը թույլ կտա ավելի բարձր արդյունքներ արձանագրել հանցավորության դեմ համատեղ պայքարում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




























