Ոստիկանությունը պարզել է Բելգիայում Լյեժ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներից մեկի ինքնությունը, ով դեպքի վայրում սպանվել է: Նա տեղի 32-ամյա բնակիչ Նորդին Ամրանին է: Ինչպես Բելգիայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս մասին լրագրողներին հայտնել է Լյեժի դատախազության ներկայացուցիչը: Ամրանին ավելի վաղ դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, ապօրինի զենք պահելու համար:
Ճշտված տվյալներով, հարձակվողները երկուսն են եղել: Նրանցից մեկը հենց տեղում պայթել է, իսկ մյուսին սպանել են ոստիկանները: Ոստիկանությունում չեն բացառում, որ նրանք հանցակիցներ են ունեցել եւ շարունակում է որոնումները: Ահաբեկիչները կրակել են Կալաշնիկով ինքնաձիգից:
Վերջին տվյալների համաձայն, մահացել է 4 մարդ, այդ թվում դեպքի վայրում պայթած ահաբեկիչը: Զոհերի թվում են փոքրիկ երեխա եւ 16-ամյա մի պատանի: Վիրավորվել է ավելի քան 60 մարդ, որոնցից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորներից մեկը 2 տարեկան երեխա է, ում կյանքին վտանգ է սպառնում:
Որոշ լրատվամիջոցներ տեղի ունեցածը կապում են 2 օր առաջ 4 պակիստանցիների դեմ դատարանի կայացրած վճռի հետ, որով նրանք մեղավոր են ճանաչվել արյան վրեժի հիմքով երկու մարդու սպանության մեջ:
Մոտական ժամերին ակնկալվում է Բելգիայի վարչապետ Էլիո դիՌուպոյի հայտարարությունը:











