Մերձմոսկվայում երկարատեւ պատժաչափերով ազատազրկման են դատապարտվել ՕՄՕՆ-ի ներկա ու նախկին աշխատակիցներից կազմված բանդայի անդամները: Այս գործով գործող անձինք են Սերգեյ Օտրակովսկին, Սամվել Ոսկանյանը, ՕՄՕՆ-ի «Զուբր» ջոկատի ներկա եւ գործող անդամներ Անդրեյ Դեմիդենկովը, Կոնստանտին Դոզորովը« Ալեքսեյ Կարմանովը, Սերգեյ Կոտովը, ինչպես նաեւ խմբի ղեկավար Հակոբ Մելիքսեթյանը: Դատարանի որոշմամբ, Մելիքսեթյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, Դոզորովը` 15, Կոտովը` 14, Օտրակովսկին` 11, Ոսկանյանն ու Կարմանովը` 10-ական, Դեմիդենկովը` 9 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է polit.ru-ն` վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նրանց մեղադրել են «բռնությամբ եւ զենքի գործադրմամբ, խմբի կողմից մարդ առեւանգելու», «ավազակային հարձակում», «շորթում», «զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կողոպուտ», «քաղաքացու անձնագիր առեւանգում», «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:

Քննությամբ պարզվել է, որ գործարար Արմեն Եփրեմյանը, Ալեքսեյ Կարմանովի հետ 9 հոգուց կազմված բանդա են ստեղծել: Նրանք առեւանգել են ապակու գործարանի գլխավոր տնօրեն Հրաչիկ Արոյանին եւ 20 հազար դոլար փրկագին պահանջել: Այդպես էլ գումար չստանալով, նրանք ազատ են արձակել տնօրենին:

Տուժածի հարազատներն այդ ընթացքում հասցրել են դիմել հայտնի քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանին: Վերջինս գտել է Եփրեմյանին, որի հետ  պայմանավորվել է 2009-ի սեպտեմբերին առեւանգել գործարարի եղբորը` Յուրիկ Աբրահամյանին, ով Սոչիում հյուրանոցների ցանց ունի: Նրա համար պահանջել են 6 մլն դոլար, սակայն փրկագինը կրկին չեն ստացել եւ հոկտեմբերի 20-ին Յուրիկ Աբրահամյանն ազատ է արձակվել:

Ավելի վաղ, խմբի եւս 2 անդամների` Արմեն Եփրեմյանը եւ Ալեքսանդր Մալիշեւը դատարանի որոշմամբ, դատապարտվել են 8 տարվա ազատազրկման:

Դատապարտյալների նստարանին է հայտնվել Հակոբ Մելիքսեթյանը («Կյաժ» մականունով), ում ոստիկանությունում անվանում են «հայկական մաֆիայի կնքահայր»: Նա ազդեցիկ քրեական հեղինակություն է: Իրավապահների տվյալներով, «Կյաժը» կապ է ունեցել «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` «Դեդ Հասանի» հետ: