Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստը գումարվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց:

Նշվում է, որ  «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20-ին:

Համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:

Այսպիսով, Գյումրիում արտահերթ ընտրությունները կկայանան մինչև ապրիլի 1-ը։

Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց հետեւյալը. «Գյումրու ավագանու խմբակցություններից մեկն ամբողջ կազմով մանդատները վայր դրեց. քաղաքապետը, տեղակալները բոլորը հրաժարական տվեցին, և այս իրադրությունից այլ ելք, քան արտահերթ ընտրությունների գնալը, չկա, կամ եթե նույնիսկ տեսականորեն կա, դա ընդունելի չէ, որովհետև կարծում ենք, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրենց ավագանուն և, անուղղակի կամ ուղղակի, կախված ընտրությունների արդյունքներից, իրենց քաղաքապետին: Մենք ընդամենը իրավական ընթացակարգերն ենք ապահովում:

Գիտեք նաև, որ առաջին անգամ Գյումրիում իրականացրինք նախնական քվեարկություն, որը միջազգային տերմինաբանությամբ հայտնի է մեզ որպես փրայմերիզ: Իհարկե, առաջին փորձը շատ կարևոր էր, և կարծում եմ՝ հաջողված էր: Հետագայում գոնե կառավարող կուսակցությունում կա ըմբռնում, որ բոլոր այն տեղերում, երբ որ մենք չունենք գործող համայնքի ղեկավար, այդ դեպքերում մենք այս մեխանիզմով մեր թեկնածուին կընտրենք, ինչը, կարծում եմ, ժողովրդավարական ևս մի կարևոր ինստիտուտ է, որը մենք ներդնում ենք ՀՀ-ում: Այս օրենքների փաթեթներով նաև հնարավորություն է ստեղծվում Գյումրի քաղաքի քաղաքապետի պարտականությունների պաշտոնակատար նշանակել վարչապետի կողմից: Վաղը ես այդ նախնական քվեարկության արդյունքներով կկատարեմ այդ նշանակումը, որովհետև դե յուրե հնարավորությունը վաղվանից է բացվում»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի վերջից, երբ ավագանու Բալասանյան դաշինքը վայր դրեց մանդատները՝ Գյումրին ղեկավար չունի, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության՝ փրայմերիզի միջոցով խնդիրը լուծելու տարբերակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց: Օրեր առաջ ամփոփվեցին քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարը, ըստ արդյունքների, Սարիկ Մինասյանն է 253 քվեով։