NEWS.am լրատվական գործակալության լրագրող Թագուհի Մելքոնյանը 1-ին կարգի մրցանակ է ստացել Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունում: Մրցույթի «Տպագիր կամ էլեկտրոնային նյութեր» անվանակարգում ներկայացվել էր NEWS.am-ում հրապարակված «Հայաստանում 1,5 տարում շուրջ 3 տասնյակ Հնդկաստանի քաղաքացիներ են տուժել թրաֆիքինգից. ուշագրավ փաստեր» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի ստվերային շուկայում աշխատող հնդիկ միգրանտների խնդիրներին, ինչպես նաև Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներին:
Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Մրցանակաբաշխության փորձագետների գնահատման արդյունքում «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգի հաղթողներն են՝
- 1-ին կարգի մրցանակ՝ Թագուհի Մելքոնյան, «Հայաստանում 1,5 տարում շուրջ 3 տասնյակ Հնդկաստանի քաղաքացիներ են տուժել»
- 2-րդ կարգի մրցանակ՝ Գայանե Գաբոյան, «Մարդկանց շահագործելը եկամտի աղբյուր, լռությունը՝ չարիք դարձած թրաֆիքինգի տարածման հիմնական գործոն»
- 2-րդ կարգի մրցանակ՝ Քնարիկ Մամիկոնյան, «Փախուստ թրաֆիքինգի ցանցից. Արտակի անհավատալի պատմությունը և պայքարը մարդկային արժանապատվության համար»
- 3-րդ կարգի մրցանակ՝ Սոնա Մարտիրոսյան, «Խոցելի մարդիկ, անտեսված խնդիրներ. թրաֆիքինգը Հայաստանում նոր պատկերով»
«Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգի հաղթողներն են՝
- 2-րդ կարգի մրցանակ՝ Նարինե Սոլոմոնյան, «Ձեր Փաստաբանը»
- 3-րդ կարգի մրցանակ՝ Տաթև Աբրահամյան, «Ամենաթողության ջենթլմենները»
Այս անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր չի եղել, քանի որ բարձր միավոր հավաքած հայտ չի եղել:

































