Բաքվում պահանջում են դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում։

«Ցանկացած երրորդ երկրի ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում մտահոգություն է առաջացնում»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը։

Նա ասել է, որ ադրբեջանական կողմը «անհրաժեշտ չի համարում երրորդ կողմի մասնակցությունը սահմանազատման գործընթացում, որն իրականացվում է փոխըմբռնման եւ խաղաղ պայմաններում»։

«Մենք Եվրամիության որեւէ առաքելության տեղակայման անհրաժեշտություն չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։  Առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաեւ Շառլ Միշելի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Նախատեսվում էր, որ այդ առաքելությունը կլինի կարճատեւ։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ առաքելությունը դառնում է մշտական, եւ նրա կազմը, ինչպես նաեւ մանդատի գորողության տարածքը ընդլայնվում են։ Մենք անհրաժեշտ չենք համարում երրորդ կողմի մասնակցությունը սահմանազատման գործընթացում, որն իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնման եւ խաղաղ պայմաններում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում գործոն, որը նպաստում է խաղաղության ամրապնդմանը տարածաշրջանում։ Դա գործոն է, որը մտահոգություն է առաջացնում»,- ասել է Հաջիեւը։