Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ Պարոն Մուրադյանից շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա համագործակցության հույսով և հեռանկարով»,- նշեց վարչապետը:

«Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեր բարձր վստահության համար: Շուրջ 2 տարվա ընթացքում իմ հմտությունների, գիտելիքների, հնարավորությունների և լիազորությունների շրջանակում ինչքան որ կարողացել եմ, ծառայել եմ ՀՀ-ին, Շիրակի մարզը զարգացնելուն: Անմիջապես Ձեր օգնությամբ և Կառավարության բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Շիրակի մարզում: Ես լիահույս եմ, որ դա շարունակական կլինի, և օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բնակիչներին, համայնքներին՝ համատեղ աշխատանքի համար, որոնց առօրյա հոգսով և կյանքով ապրել եմ ու շարունակելու եմ ապրել: Մշտապես կլինեմ իմ թիմի կողքին»,- ասաց Մուշեղ Մուրադյանը:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում,  համաձայն որի՝ Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, ով վայր է դրել պատգամավորական մանդատը:

Հիշեցնենք, որ նախորդ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողություն էր արել մարզպետին, որը թույլ էր տվել Շիրակի դպրոցներից մեկում դասասենյակ անվանակոչել բարձրաստիճան զինվորականի անունով։ Իսկ երբ մարզպետը փորձել էր արդարանալ, թե անվանակոչումը եղել է գյուղի բնակիչների պահանջով, դա հունից հանել էր վարչապետին. «Մի րոպե էլի։ Ասենք գյուղի բնակիչները էլ դարդ չունեին, հա՞։ Մենակ եկեք անընդհատ հղումներ չանենք գյուղի բնակչությանը, բոլորս գիտենք՝ այդ որոշումները ոնց են կայացնում:

Ես մի օր կգնամ Վահրամաբերդ, հլը տեսնեմ, այդ ի՞նչ վիճակ եք ստեղծել Վահրամաբերդում, որ բնակիչները էլ ոչ պրոբլեմ ունեն, ոչ խնդիր, ոչ դարդ, ոչ ցավ ունեն, իրենց միակ խնդիրը դասարանը անվանակոչելն է։ Անվանակոչեք դասարանը ու վերջ։ Դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար։ Դադարեցրինք այս հարցի քննարկումը»: