Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որոնցից 15-ը արդեն համաձայնեցված է։ Ինչպես տեղեկացրել է АPA-ն,  այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ երկու հոդվածների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագիծը բաղկացած է 17 հոդվածներից եւ ներածությունից. «Ներածության եւ 15 կետերի տեքստերը գրեթե լիովին համաձայնեցված են։ Իսկ 2 կետերի վերաբերյալ մենք բաց հարցեր ունենք։ Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է։ Արդեն եղել են բանակցությունների մի քանի փուլեր եւ տեքստերի փոխանակումներ։ Առայժմ չի հաջողվել հասնել լրիվ համաձայնեցված տարբերակի։ Աշխատանքը շարունակվում է»։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակվում են կարգավորման բանակցությունները։ Տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, առաջարկվել են տեքստերի փոխանակումներ։ Եվ այստեղ, չնայած բաց հարցերին, ձեռք է բերվել ակնայտ առաջընթաց»։

Ադրբեջանցի նախարարը հավակնություններ է ներկայացրել նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասով։

«Ադրբեջանն արագացված տեմպերով իր տարածքում շարունակում է Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները, շարունակվում է կամրջի շինարարությունն Արազ գետի վրայով։ Զանգեզուրի միջանցքի բացումը կախված է Հայաստանի կողմից իր բոլոր պարտավորությունների կատարման հետ, բայց վերջնական դրական որոշում այդ հարցի վերաբերյալ չկա»,- ասել է նախարարը։