Հիմա մի վիճակ է ստեղծվում, որ ավելի է թուլացած միջազգային իրավունքը, եւ այդ պայմաններում  Հայաստանը կլինի միգուցե միակ պետությունը, որ կգնա այդ հոսքի դեմ և կկառչի միջազգային իրավունքից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այսինքն մեզ բացատրեցին, որ այն բանը, ինչը որ թուլացել է, մենք հենց դրանից պիտի կարչենք, որ ապահովենք մեր անվտանգությունը: Սա փաշինյանական հերթական այդպես փայլատակումներից էր: Եվ մենք գտնվում ենք սողացող պատերազմի վիճակում: Խոստացված խաղաղություն չկա, դիվանագիտությունը ձախողված է, COP29-ը տեղի ունեցավ, բոլոր խոստումները, բոլոր այն հեռանկարները փայլուն, որ մեր առաջ նկարագրվում էր, դրանք բոլորը տապալվեցին»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով, հայկական կողմից չկա հակադարձում «Արեւմտյան Ադրբեջան» տերմինի գործածմանը. «Ավելին, այս հարցում Փաշինյանը նորից բռնել է ավելի շատ Ալիևյան պրոպագանդայի կողմը, երբ հավասար նժարների վրա է դնում Ադրբեջանի պաշտոնյաների կողմից «Արևմտյան Ադրբեջան» տերմինի գործածումը «Արևմտյան Հայաստան» տերմինի գործածման հետ, որը գործածվում է հասարակական կազմակերպությունների կամ անհատների կողմից: Այդ տերմինը երբեք չի օգտագործվել 1991 թվից ի վեր Հայաստանի որևէ պաշտոնյայի կողմից: Դնել սա նույն հարթության մեջ, նշանակում է լրիվ դառնալ Ալիևյան պրոպագանդայի խոսափող»,-ասաց նա: