Տասը հոգուց ոչ պակաս մարդ է տուժել դեկտեմբերի 13-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում` աշխատանքի նախարարության շենքում տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ուրուգվայի լրատվամիջոցներին:
Պայթյունը տեղի է ունեցել նորոգման ժամանակ: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` ահաբեկչության հավանականությունը բացառվում է:
Շենքից տարհանվել են այնտեղ գտնվող մոտ 300 այցելուներն եւ նախարարության աշխատակիցները: Պայթյունի հետեւանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքին, ըստ բժիշկների, ոչինչ չի սպառնում:
Մասնակի վնասվել է շենքի ճակատային հատվածն ու առաջին հարկի ներքին պատը, ապակիների մասնիկները տարածվել են 100 մետր շառավղով: Հրդեհն արդեն մարվել է:
Դեպքի վայր է ժամանել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, ով հույս է հայտնել, որ վիրավորները շուտով կապաքինվեն:
Պայթյունի եւ հրդեհի իրական պատճառները կորոշեն դեպքի վայրում աշխատող փորձագետները:




























