«Գում»-ի շուկայի մոտից ձերբակալված մսավաճառները մինչև այս պահը շարունակում են մնալ անազատության մեջ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց մսավաճառներից մեկը՝ նշելով, որ ձերբակալվածների հետ կապ չկա, այլ տեղեկություն այս պահի դրությամբ չունեն։

Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել վաղը, արդյո՞ք ամեն օրվա նման իրենց ապրանքը շուկա են տանելու, մսավաճառը պատասխանեց.

«Այո, տեսնենք՝ կրկին անակնկալ շրջայցի կգա՞ն»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան Երեւանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով: