Հնդկական օվկիանոսի Մայոտի ֆրանսիական տարածքի կղզիները տուժել են վերջին գրեթե մեկ դարում ամենաուժեղ՝ «Շիդո» ցիկլոնից, հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ առնվազն երկու մարդ է զոհվել, երբ շաբաթ օրը «Շիդո» ցիկլոնը ցամաք է հասել՝ հարուցելով ավելի քան 225 կմ/ժ արագությամբ քամու պոռթկում: Մտավախություն կա, որ մեծ թվով զոհեր են եղել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Մայոտի բնակիչների կողքին կլինի, իսկ ֆրանսիացի պաշտոնյաները հայտնել են, որ կղզիներ կուղարկվեն 250 հրշեջներ և անվտանգության աշխատակիցներ, որոնցից մի քանիսն արդեն այնտեղ են: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Ռետայոն հայտարարել է, որ «բոլոր ժամանակավոր տներն ամբողջությամբ ավերվել են», և ինքը վախենում է, որ զոհերի մեծ թիվ են կազմում:
Մադագասկարից հյուսիս-արևմուտք ընկած Մայոտը մեկ հիմնական կղզուց՝ Գրանդ Տերրեից և մի քանի փոքր կղզուց բաղկացած արշիպելագ է։ Նույնիսկ շաբաթ առավոտյան ցիկլոնի ամբողջ ուժգնությամբ հարվածելուց առաջ տեղեկություններ կային ծառերի արմատախիլ լինելու, շենքերից տանիքներ պոկվելու և էլեկտրահաղորդման գծերի տապալման մասին:
Ուրբաթ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ստանձնած Ֆրանսուա Բայրուն հայտարարել է, որ ցիկլոնը «բացառիկ ուժգին է», և իրեն «ժամ առ ժամ» տեղեկացնում են իրավիճակի մասին։
Մայոտն ի սկզբանե դրվել է տագնապի ամենաբարձր «մանուշակագույն» մակարդակի վրա, և խիստ մեկուսացում է մտցվել ամբողջ բնակչության, ներառյալ արտակարգ օգնության ծառայությունների համար:
Ավելի ուշ տագնապն իջեցվել է «կարմիր» մակարդակի, ինչը շտապօգնության ծառայություններին թույլ կտա լքել իրենց բազաները:
Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարի՝ կղզում նման ծանր եղանակ չի եղել 1934 թվականից ի վեր։ Սպասվում է, որ «Շիդո» ցիկլոնը կհարվածի Մոզամբիկին նաև Աֆրիկայի մայրցամաքային հատվածից:



























