Այսօր առավոտյան երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի քաղաքի վրա։ Ըստ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի՝ հակաօդային պաշտպանության ուժերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել, երրորդն ընկել է ռուսական գվարդիայի «ԱԽՄԱՏ-Գրոզնի» ՕՄՕՆ-ի վարչության տարածքում։ Զոհեր և վիրավորներ չկան, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Կադիրովը հայտարարել է, որ ի պատասխան անօդաչու թռչող սարքի հարձակման՝ ինքը փոխանցել է ուկրաինական զորքերի «մեծ թվով» տեղակայման մասին հավաքագրված հետախուզական տվյալները։ Նրա տեղեկություններով՝ Մոսկվայի ժամանակով 12։00-ին ռուսական բանակը «Իսկանդեր» հրթիռային համակարգով երկու հարված է հասցրել Խարկովի թիրախներից մեկին։ Ըստ Կադիրովի, այնտեղ են տեղակայվել Ուկրաինայի զինված ուժերի 82-րդ առանձին դեսանտային-գրոհային բրիգադի զինվորականները։

Ռամզան Կադիրովը միաժամանակ զգուշացրել է, որ ռուսական օբյեկտների վրա հարձակվելու ցանկացած փորձի « կպատասխանենք ավելի կոշտ պատասխան հարվածներով»։ Նա նշել է, որ հետագա հարձակումների դեպքում ռուսական կողմը «ընտրովի հարվածներ կհասցնի այն վայրերին, որտեղ կենտրոնացած են Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմերը»։

Ուկրաինական անօդաչու սարքերը երկու ամսում արդեն երրորդ անգամ են հարձակվում Չեչնիայի վրա։ Հոկտեմբերի վերջին Գուդերմեսում Վլադիմիր Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում հարվածներ են հասցրել շենքին։ Դեկտեմբերի 12-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Գրոզնիի վրա։ Այնուհետեւ անօդաչու թռչող սարքը խոցվել է ՆԳՆ ոստիկանության հատուկ գնդի զորանոցների շենքերի մոտ։ Վիրավորվել են չորս ժամապահներ։