Facebook սոցիալական ցանցում նոր ծառայություն կհայտնվի, որի նպատակը ինքնասպանության հակված մարդկանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելն է:
Բոլոր նրանց, ովքեր իրենց ընկերների գրառումներում անկումային տրամադրություններ կնկատեն, խորհուրդ է տրվում դիմել տվյալ ծառայությանը` սեղմելով մեկնաբանության կողքին դրված հղմանը:
Պոտենցիալ ինքնասպանի էջում ակնթարթային հաղորդագրությունների պատուհան կհայտնվի, որի միջոցով նրա հետ կսկսի հաղորդակցվել Facebook-ի աշխատակից հոգեբանը: Նրան նաեւ կառաջարկվի զանգահարել հոգեբանական աջակցության կենտրոն: Ծառայության հիմնադիրները կարծում են, որ ինքնասպանությունը կարելի է կանխել` մարդուն արտահայտվելու հնարավորություն ընձեռելով, գրում է Associated Press-ը:
Սակայն նոր ծառայությունը հասանելի կլինի միայն ԱՄՆ բնակիչների համար:
Ծրագրի մշակողները հատկապես ընդգծում են, որ անկումային բնույթի հաղորդագրությունների մասին պետք է հենց օգտվողները հայտնեն, քանի որ կասկածելի գրառումների բովանդակության ավտոմատ վերահսկումն անհնար է:
ԱՄՆ առողջապահության նախարարության տվյալներով` ամեն օր ավելի քան 100 ամերիկացիներ ինքնասպան են լինում, իսկ տարվա ընթացքում այդ թիվը գերազանցում է 36 հազարը:
Facebook -ն աշխարհի ամենատարածված սոցիալական ցանցերից է, դրանում ավելի քան 800 մլն մարդ է գրանցված:




























