Նախորդ 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն կայացել է որպես հաջողված ինտեգրացիոն միավորում, 2024-ի 10 ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը:
Նրա խոսքով, 2015-ին ԵԱՏՄ անդամակցության սկզբնական շրջանում Հայաստանի արտահանումը դեպի միության երկրներ կազմում էր 300 միլիոն ոլար, իսկ 2023-ին այս թիվը հասել է շուրջ 3։4 միլիարդ դոլարի. «Սա բավականին լավ արդյունք է, հիմնական արտահանվող ապրանքներն են գինիները, կոնյակը, գյուղատնտեսական ապրանքները, ինչպես նաև արդյունաբերական և տեխնոլոգիական արտադրանքը, բացի այդ մենք կարողացել ենք զարգացնել նաև տեքստիլի արտադրությունը, որ մեծ պահանջարկ ունի, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում:
ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանը մուտք է գործել ավելի քան 185 միլիոն սպառող ունեցող շուկա, ինչը նշանակում է ավելի շատ հնարավորություններ մեր արտադրողների, արտահանողների և տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել էր, որ ԵԱՏՄ մանրածախ առևտրի շրջանառությունը 2024 թ.–ի 1–ին երեք եռամսյակների ընթացքում աճել է գրեթե 8 տոկոսով, ՀՆԱ–ի աճը կազմել է ավելի քան 4,5 տոկոս: Մոտավորապես նույնքան աճել է նաև արդյունաբերական արտադրությունը, ուղևորափոխադրումներն աճել են գրեթե 7,5 տոկոսով:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:




























