Ես իրականում գիտակցում եմ ինչ պատասխանատվություն եմ վերցնում իմ վրա, շատ լավ պատկերացնում եմ այն խնդիրները, որոնք գլոբալ են, իսկ լոկալ խնդիրները տեղում պարզ կդառնան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը պատրաստվում է ղեկավարել սոցիալական առումով բավականին ծանր, տարիներով չլուծված խնդիրներ ունեցող Շիրակի մարզը:
«Միանշանակ ճիշտ եք ու շատ վատ է, որ Շիրակի մարզը այդ կարգավիճակն ունի ամբողջ Հայաստանում: Որպես մարզպետ այդ հարցը կարգավորելու համար, ես դեռ չեմ հասցրել, որպես այդպիսին շատ խորանալ, բայց ներդրումային ֆոնը պիտի պարտադիր բարելավվի, որ ներդրողները Շիրակի մարզում ներդրում անելու համար որևէ խոչընդոտի չհանդիպեն:
Գյուղատնտեսությունը մեր մարզի ամենալավ ճյուղերից մեկն է, որը միանշանակ զարգացման շատ մեծ պոտենցիալ ունի: Շատ կարևոր է, որ գյուղ առ գյուղ, տուն առ տուն, կառավարության ծրագրերի մասին իմանան, որովհետև իրականում ինֆորմացիայի պակասի պատճառով շատ-շատ ծրագրերի մասին մարդիկ անտեղյակ են եւ չեն կարողանում օգտվել»:
Նա չհամաձայնեց հումորային տեսակետին, որ վերջին 6 տարիներին մարզում երկու բան է փոխվել՝ մարզպետ և մարզի ցուցանակը. «Մարզը մասնավորապես 180 աստիճանով է փոխվել: Բազմաթիվ ծրագրեր են արվել Գյումրիում՝ փողոցաշինությունից սկսած մինչև այգիներ, պուրակ, մանկապարտեզ, դպրոց և այլն:











