Հայաստանում մինչ այժմ չի եղել երիտասարդական քաղաքականությունը ներկայացնող համապարփակ օրենսդրություն։ Այս մասին Երեւանում ընթացող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրինագծի խորհրդարանական լսումներում դեկտեմբերի 17-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Իսկ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրինագիծը, նրա խոսքով կլրացնի այդ բացը։ Քաղաքականության նպատակը ստեղծագործ, նախաձեռնող, ընդունակ եւ մրցունակ երիտասարդության աջակցությունն է։
«Հայաստանի մարզերում արդեն գործում են 5 կենտրոններ, որոնք ստեղծվել են կառավարության, համայնքների եւ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։ Այս տարի դրանց թիվը կավելանա եւս 4-ով»,- նշել է Մարտիրոսյանը։ 2025թ. պետբյուջեի նախագծի շրջանակում այդ թիվը նախատեսվում է ավելացնել եւս 6-ով։ Նման կենտրոններ արդեն գործում են Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջեւանում եւ Վանաձորում։
Փոխնախարարի խոսքով՝ այդ կենտրոնները ուղղված են նաեւ երիտասարդությանը։ Հատկապես երիտաասարդության այն հատվածին, որը ոչ մի տեղ չի աշխատում եւ չի սովորում։ Այն գտնվում է այլ ինստիտուցիոնալ համակարգերից դուրս եւ լրացուցիչ աջակցության կարիք ունի։ Տարիքային շեմը, օրինագծի համաձայն, կկազմի 13-35 տարի։





























