Օրերս սկիզբ դրվեց կարևոր համագործակցության, որը միտված է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝ ստեղծելու լավագույն աշխատանքային  պայմաններ ՏՏ ոլորտի համար։ 

Տեխնո ոլորտը զարգացնելու և համաշխարհային հսկաների համար Հայաստանը գրավիչ դարձնելու գործում մեծ դեր են խաղում թե’ պետության կողմից տրված արտոնությունները և թե’ տվյալների անվտանգ մշակումը, պահպանումն ու միջազգային ստանդարտներին համապատասխան շենքային պայմանների ապահովումը։

Իրենց տեսակների մեջ Հայաստանում առաջին և բացառիկ երկու նախագիծ՝ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը և Դալան Տեխնոպարկը, միավորեցին ջանքերը՝ ստորագրելով համագործակցության հուշագիր։

Համագործակցության շրջանակում OVIO-ն արտոնյալ պայմաններով կտրամադրի ինտերնետ ծառայությունն ու իր առաջատար տվյալների մշակման կենտրոնի լուծումները Դալան տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ ապահովելով այդ ընկերությունների տվյալների անվտանգությունը:

«Դալան տեխնոպարկի հետ համակգործակցությունը կարևոր քայլ է և մենք վստահ ենք, որ այն կխթանի տեխնոլոգիական համայնքի առաջընթացը Հայաստանում։ OVIO-ն պատրաստ է իր առաջատար տեխնոլոգիական լուծումներով աջակցել Դալան տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ նպաստելով նրանց կայուն աճին և զարգացմանը», - նշեց OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Մեր առաքելությունն է ստեղծել դինամիկ զարգացող բիզնես միջավայր, որը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ և կդառնա տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան եզակի բիզնես պարկ, որտեղ կարևորվում է մասնագետների արդյունավետ աշխատանքն ու ստեղծագործ մտքի զարգացումը։

Այս տեսանկյունից կարևորում ենք OVIO-ի հետ համագործակցությունը, որի շրջանակներում մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել OVIO ընկերության կողմից մատուցվող հեռահաղորդակցության, տվյալների մշակման կենտրոնում մատուցվող և հարակից այլ ծառայություններ շահավետ պայմաններով, ինչը լրացուցիչ հարմարավետություն կստեղծի տեխնոպարկի տարածքում գործող ընկերությունների համար։ 

Դալան Տեխնոպարկն իր գաղափարախոսությամբ և տեխնիկական հագեցվածությամբ ձևավորելու է հենց այն միջավայրը, որն իդեալական վայր կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար», - իր ելույթի խոսքում նշեց Դալան Տեխնոպարկի տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը։ 

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում ամենախոշորն է և կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով։ Այս կենտրոնը ներառում է սնուցում էլեկտրամատակարարման երկու անկախ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, և 24/7 անխափան սպասարկման հնարավորություններ։ Հենց այս հուսալի ենթակառուցվածքն է OVIO-ի գործընկեր կազմակերպություններին տրամադրելու տվյալների պաշտպանության և հասանելիության աննախադեպ մակարդակ։

OVIO-ն Դալան տեխնոպարկի հաճախորդներին կառաջարկի համատեղակայման ծառայություններ և իր առաջատար ամպային լուծումները, որոնք մշակված են բիզնեսի ժամանակակից պահանջներին համապատասխան։

Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և ոլորտի դերակատարների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։