Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ծիծաղելի «բացատրություն» է տվել երկրի հսկայական ռազմական բյուջեին։

«Ադրբեջանը ստիպված է ընդունել ռեկորդային ռազմական բյուջե 5 մլրդ դոլարի չափով Հայատանին Արեւմուտքի կողմից սպառազինելու պատճառով»,- ասել է նա Համառուսաստանյան պետական հեռուստառադիոկոմիտեի եւ «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում։

«Մենք, բնականաբար,  ստիպված ենք համարժեք միջոցներ ձեռնարկել։ Մեր հաջորդ ռազմական բյուջեն 2025թ. ռեկորդային կլինի՝ մոտ 5 մլրդ դոլար»,- Ալիեւին մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»։

Ալիեւը հայտնել է, որ Հայաստանի սպառազինման թիկունքում կանգնած են Ֆրանսիան, Հնդկաստանը եւ ԱՄՆ-ը, ընդ որում՝ Վաշինգտոնում չեն ընդունում այդ մատակարարումները՝ չնայած «Ադրբեջանը հետեւել է ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներին հայկական օդանավակայաններում»։

Այսպիսով, Ալիեւը սովորության համաձայն ներկայացրել է պատճառն ու հետեւանքը հակառակ կողմով. Հայաստանը գնում է սպառազինություններ Ադրբեջանի սկսած մրցավազքի, 2020թ. պատերազմի, մշտական ագրեսիվ հայտարարությունների եւ սպառնալիքների պատճառով։