Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոկոմիտեի եւ «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում, խոսելով Վրաստանի անկարգությունների մասին, հայտնել է, որ անգամ այդ իրադարձություններին միջամտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Լավ է, որ այժմ իրավիճակը (Վրաստանում- խմբ.) արդեն կայունանում է։ Եվ նորից, տեսեք, Մակրոնի ականջներն են ցցվում։ Մարդը չի կարողանում հանգիստ նստել իր երկրում, անպայման պետք է նաեւ Վրաստան խցկվի»,- ասել է Ալիեւը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։

Բողոքի ցույցերի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի վերջին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է մինչեւ 2028թ. երկրի Եվրամիությանն անդամակցությունը դադարեցնելու որոշման մասին։ Բողոքի մասնակիցները օգտագործել են ճայթռուկներ, քարեր, շշեր, տեղեկացվել է նաեւ «Մոլոտովի կոկտեյլի» շշերի մասին։ Ուժայիններն ի պատասխան օգտագործել են հատուկ տեխնիկա, ներառյալ ջրցանները։