ՌԴ-ն Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը համարում է Երեւանի ոչ բարեկամական քայլ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ։ Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,- ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել հայկական իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Նա նաեւ հիշեցրել է, որ ռուսական կողմը քանիցս Երեւանին կոչ է արել հրաժարվել երկիր ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու «արատավոր գործելակերպից», որոնք ինչ-որ պատճառներով անհարմար են դարձել իշխանություններին։

«Սա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների մշտական հայտարարությունների ֆոնին՝ իրենց բացության, դեմոկրատականության եւ բազմակարծությանն իրենց հավատարմության մասին»,- ավելացրել է Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել բարձրացնել այս հարցը Երեւանի առջեւ։