Ադրբեջանը նախատեսում է այսուհետ եւս ռուսական զենք գնել, բայց այդ գործընթացը դադարեցվել է օբյեկտիվ պատճառներով։ Այս մասին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոկոմիտեի եւ «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Այո, նախատեսում է։ Բայց պետք է ասեմ, որ վերջին առնվազն երեք տարում  ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն ստորագրվել»,- Ալիեւին մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»։

Ալիեւի խոսքով՝ նոր պայմանագրերի ժամանակավոր բացակայությունը բացատրվում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքով «ներքին սպառողի համար»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքվում սկսել են «շարժվել» ՌԴ-ի հետ ռազմական պայմանագրերը, որոնք կնքվել են չորս տարի առաջ։ Միեւնույն ժամանակ, Ալիեւը ընդգծել է, որ դիտարկում է պաշտպանական պայմանագրերի իրականացումը որպես «օբյեկտիվ պատճառներով ժամանակավորապես դադարեցված»։