Երկու օդաչուներ զոհվել են, երբ երեքշաբթի կեսօրին փոքր ինքնաթիռը մխրճվել է Հավայան կղզիների Հոնոլուլուի Ինոույե միջազգային օդանավակայանի մոտակայքի լքված շենքին, ինչի հետևանքով բոց և սև ծուխ է առաջացել, հաղորդում է NBC News-ը։
Kamaka Air Cessna 208-ը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում, երբ երեքշաբթի տեղական ժամանակով 15:15-ին մխրճվեց շենքի մեջ, լրագրողներին հայտնել է Հավայան կղզիների տրանսպորտի դեպարտամենտի տնօրեն Էդ Սնիֆենը:
«Դա չարտերային չվերթ չէր, այլ ուսումնական թռիչք։ Ինքնաթիռում երկու մարդ է եղել։ Երկուսն էլ մահացել են»,- ասել է նա։
Տրանսպորտի նախարարությանը պատկանող շենքը դատարկ էր: Սնիֆենը նշել է, որ օդաչուներն, ըստ ականատեսների, շրջանցել են «բավականին շատ կառույցներ, ներառյալ վառելիքի պահեստը, որպեսզի հետևանքները նվազագույնի հասցնեն»։
Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը և Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննում են վթարի պատճառները: Kamaka Air 689-ի ձայնագրությունը ցույց է տվել, որ օդաչուները կորցրել են ինքնաթիռի կառավարումը:





























