Ռուսաստանի պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին հաղորդում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության կայքը: Գռիզլովը հայտարարել է, որ սխալ է համարում Պետդումայի նախագահի պաշտոնը անընդմեջ երկու ժամկետից ավելի զբաղեցնելը, թեեւ օրենքով ոչ մի սահմանափակում չկա: Պետդումայից հեռանալուց հետո, նա կմնա «Եդինայա Ռոսիա»-ի բարձրագույն խորհրդի ղեկավարի պաշտոնում:

Բորիս Գռիզլովը Պետդումայի պատգամավոր է ընտրվել Տուլայի մարզում քվեարկության արդյունքում, որտեղ նա ղեկավարում էր «Եդինայա Ռոսիայի» ընտրական ցուցակը: Նա Պետդումայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2003-ի դեկտեմբերից:

Լուրերը, թե նոր գումարման Պետդումայում նա կարող է թողնել խոսնակի պաշտոնը, կային դեռ դեկտեմբերի սկզբին: Դրանից անմիջապես հետո «Եդինայա Ռոսիան» երկրի բոլոր բնակիչներին առաջարկել է թեկնածուներ ներկայացնել այդ պաշտոնի համար, գրում է Lenta.ru-ն:

Արդեն խոսակցություններ կան, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնը կզբաղեցնի փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը: Ըստ քաղաքագետների, այդ պաշտոնին կարող է հավակնել նաեւ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը:

«Եդինայա Ռոսիան» Պետդումայի խոսնակի պաշտոնի համար թեկնածություն կառաջադրի գլխավոր խորհրդի նախագահության նիստում: