Թունիսի իշխանությունները հայտնաբերել են 20 մարդու դի, որոնք, ըստ երևույթին, խեղդվել են երկրի Միջերկրական ծովի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով, ներգաղթյալների հանրաճանաչ մեկնակետի մոտակայքում, որոնք փորձում էին նավով հասնել Եվրոպա, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Երկրի Ազգային գվարդիան չորեքշաբթի հայտնել է, որ խորտակվող նավ ուղարկված առափնյա պահպանության անձնակազմը փրկել է հինգ մարդու և Սֆաքսից հյուսիս ափից 24 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել 20 մարդկու մարմինները: Առափնյա գիծը տեղակայված է իտալական Լամպեդուզա կղզուց մոտավորապես 130 կմ հեռավորության վրա։ Ազգային գվարդիան հայտնել է, որ շարունակում է անհայտ կորածների որոնումները, սակայն չի նշել, թե քանի մարդ կարող էր լինել նավի վրա, երբ այն դուրս է եկել նավարկության:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) գնահատմամբ՝ Թունիսի և Լիբիայի ափերի մոտ՝ Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում ավելի քան 1100 մարդ է մահացել կամ անհետացել:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ այս տարի Թունիսից Իտալիա է ժամանել ավելի քան 19 հազար ներգաղթյալ, նրանցից շատերը հետագայում ապաստան են խնդրել: Դա անհամեմատ քիչ է, քան 2023-ի նույն ժամանակահատվածում ուղևորությունը կատարած 96 հազարից ավելի մարդիկ:

2024 թվականին Իտալիա ժամանածների մեծ մասը Բանգլադեշից, Թունիսից և Սիրիայից էին։ Թունիսում ներգաղթյալների մասին պաշտոնական տվյալներ չկան։ Սակայն հազարավոր մարդիկ ապրում են ժամանակավոր ճամբարներում՝ Սֆաքսի ափերի մոտ ձիթենու ծառերի մեջ: