Հայաստանի կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն կառավարության հաստատմանն է ներկայացրել այն ընկերությունների ցանկը, որտեղ պետք է նշանակվեն հարկային մշտական ներկայացուցիչներ:

Նշենք, որ 2010 թ. «Հարկերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ ՊԵԿ-ն իրավասում է որոշ ռիսկային ընկերություններում նշանակել ներկայացուցիչ, որը ընթացիկ հսկողություն է իրականացնելու:

2010 թ. այդ ցանկում առկա էր ընդամենը 24 ընկերություն, 2012 թ. նախատեսվում է դրանց թիվը հասցնել 37-ի: Այս խստացումը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012 թ. պետական բյուջեի հարկային եկամուտների պլանն ավելացվել է 101 մլրդ դրամով:

Մասնավորապես` ցանկում հայտնվել են մի շարք խոշոր հանքարդյունաբերական ընկերություններ` Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, «Գեո Պրո Մայնինգ գոլդը», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին»:

Նախորդ ցանկի համեմատ կատարվել են նաեւ մի շարք փոփոխություններ: Մասնավորապես ավելացվել են շինարարական բիզնեսի ներկայացուցիչներ: Ցանկում հայտնվել են մի քանի նոր խոշոր ընկերություններ` «Մանանա գրեյն», «Մանչո գրուփ»,  «Ջերմուկ գրուփ»: