Եվրախորհրդարանը Ռուսաստանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Պետդումայի նոր ընտրություններ անցկացնել: Կոչ է արվում նաեւ ընտրություններին մասնակցության համար գրանցել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին:

Բանաձեւում ասվում է. «Ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի համապատասխանում ԵԱՀԿ կողմից սահմանված ընտրական նորմերին»: ԵԽ պատգամավորները խախտումների թվում նշում են «ավտոբուսային կարուսելը»,  քվաթերթիկների լցոնումը, ընդդիմադիր հարյուրավոր ակտիվիստների ձերբակալությունները եւ այլն:

ԵԽ-ն Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները եւ բարեփոխել ընտրական օրենսգիրքը` ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի նորմերին համապատասխան` «երաշխավորելով 2012 թ. ազատ եւ ժողովրդավարական նախագահական ընտրությունները` ընդդիմության թեկնածուների հետ հավասար հնարավորություններով», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պատգամավորները դիմել են Եվրոպական խորհրդի  նախագահ Հերման վան Ռոմպեյին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնին` կոչ անելով ընտրությունների հարցը բարձրացնել դեկտեմբերի 14-15-ը կայանալիք Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովին:

Հիշեցնենք, որ ՌԴ վեցերորդ գումարման Պետդումայի ընտրությունները կայացել էին դեկտեմբերի 4-ին: