Ռուս բիզնեսմեն Միխայիլ Պրոխորովի շրջապատի մարդիկ խոստանում են «նրան համոզել ամուսնանալ»:
«Այո, այդ հարցն, իսկապես, կա, մենք այն քննարկել ենք: Պրոխորովի կողմնակիցները նրա հետ կխոսեն այդ թեմայի շուրջ»,- «ՌԻԱ նովոստիին» ասել է Պրոխորովին մոտ կանգնած մի մարդ:
Պրոխորովը 46 տարեկան է, նա Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը, ում ունեցվածքը կազմում է շուրջ 18 մլրդ դոլար: «Եթե անհրաժեշտ լինի լուծել այդ հարցը, նա անպայման դա կլուծի»,-ասել են նրա շրջապատից:
Պրոխորովի ամուսնության հարցն ակտուալ դարձավ, երբ նա հայտարարեց, որ մտադիր է դնել իր թեկնածությունը Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Ընտրվելու դեպքում, երկրին պետք կլինի առաջին տիկին:
Դեռեւս այս տարվա հունիսին, երբ լրագրողները նրան հարցրել էին ամուսնության մասին, նա հայտարարել էր, որ հավատում է անկեղծ սիրուն, բայց դեռ չի գտել իր երկրորդ կեսին:




























