Նոյեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 19-ին «Սյուզան Լիպս» կոսմետոլոգիական կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 31-ամյա Լիլիա Ն․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Արդեն ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին հրավիրված Լիլիա Ն․-ն հայտնել է, որ նոյեմբերի 19-ին Մաշտոցի 6 հասցեում գտնվող նշված կոսմետոլոգիական կենտրոնի տնօրեն Ս․ Վ-ն իր շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ ձեռքերով և ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իրեն է զանգահարել Ս.Վարդանյանի ընկեր ներկայացած ոմն Աբելը և հնչեցրել է կյանքին և առողջությանը սպառնացող սպառնալիքներ։

Ոստիկանների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  Ս.Վարդանյանը Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Վ-ն է և ձեռնարկվում են միջոցառումներ Աբելի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։