«Վնուկովո» օդանավակայանում ոստիկանները բերման են ենթարկել Երևանից ժամանող ինքնաթիռում կռիվ սարքած օտարերկրացուն, խուլիգանը ձերբակալվել է, հայտնում է ТАСС-ը՝ ՌԴ ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչությանը հղումով։

«Ագրեսիվ ուղեւորը տեղափոխվել է հերթապահ կայան... Պարզվել է, որ նա հեռավոր արտերկրի հանրապետություններից մեկի օտարերկրյա քաղաքացի է՝ ծնված 1982 թ.-ին։ Օտարերկրացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել օդանավում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ «Վնուկովո» օդանավակայանում ՌԴ ՆԳՆ գծային վարչության հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել, որ Երևանից Մոսկվա ժամանող ինքնաթիռում ոչ ադեկվատ ուղևոր կա, ով ագրեսիվ է պահում մյուսների նկատմամբ։

Երբ տրանսպորտային ոստիկանությունը ժամանել է օդանավակայանի կայանատեղի, անձնակազմի անդամները մատնացույց են արել մի ուղևորի, ով թռիչքի ժամանակ ձեռքերը թափահարում էր՝ հարվածելով բորտուղեկցորդուհիներից մեկի գլխին և չէր պատասխանում անձնակազմի մեկնաբանություններին:

«Վնուկովո օդանավակայանում Ռուսաստանի ՆԳՆ տարածքային վարչության հետաքննությունը քրեական գործ է հարուցել ինքնաթիռում կռիվ սարքած անձի դեմ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի առաջին մասի «ա», «գ» ենթակետերով՝ խուլիգանություն՝ օդային տրանսպորտում բռնության կիրառմամբ»,- նշել են վարչությունից։

Քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։