Խորվաթիայի մայրաքաղաքի տարրական դպրոցում դանակով հարձակման հետևանքով զոհվել է յոթ տարեկան մի աղջնակ, իսկ մի քանի աշակերտներ և ուսուցիչ վիրավորվել են, հայտնում են իշխանությունները։
Պաշտոնական Hina գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը, հայտնում է հինգ տուժածների մասին։ Ավելի վաղ տեղեկություններ կային ութ վիրավորների մասին։
Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան 09:50-ին Զագրեբի համանուն շրջանի Պրեչկո հիմնական դպրոցում, հայտնում է Euronews-ը։ Լրատվամիջոցների չհաստատված տեղեկություններով՝ հարձակվողը դպրոցի նախկին աշակերտ է, նա 19 տարեկան է։
Հարձակվողը, ամբողջովին սև հագուստով, նախ «ֆիզիկապես բռնություն է գործադրել» մի տղայի վրա դպրոցի միջանցքում, այնուհետև մտնել է դասարաններից մեկը, որտեղ դանակով հարձակվել է երեխայի վրա:
Տուժած երեխաներին ուղղաթիռներով տարհանել են Զագրեբի հիվանդանոցներ։ Ուսուցիչը ծայրահեղ ծանր վիճակում է: Հաղորդվում է, որ հարձակվողը փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան կանխել են ոստիկանները, որոնք նրան ձերբակալել են։
Վարչապետ Անդրեյ Պլենկովիչը կառավարության նիստի սկզբում հայտարարել է, որ ինքը «ցնցված է», և որ իշխանությունները դեռևս աշխատում են միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Շաբաթ օրը երկրում համազգային սուգ կհայտարարվի։
Խորվաթիայում մահացու հարձակումները դպրոցներում չափազանց հազվադեպ երևույթ են: Անցյալ տարվա մայիսին հարևան Սերբիայում դեռահասը կրակ էր բացել մայրաքաղաքի դպրոցում, ինչի հետևանքով զոհվել էր ինը աշակերտ և դպրոցի անվտանգության աշխատակիցը:



























