Նորվեգիայի արևմտյան ափին՝ Մոլդե քաղաքի օդանավակայանում նախորդ օրը, քիչ էր մնացել ողբերգություն տեղի ունենար։
Ըստ գերմանական Bild պարբերականի՝ Norwegian ավիաընկերության Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և կանգնել ջրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 165 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։
Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ չվերթի ինքնաթիռը Օսլոյից թռել է մեկ ժամ ուշացումով։ Պատճառն, ըստ ամենայնի, բարդ եղանակային պայմաններն են՝ ձյան ծածկը, սառցե թռիչքուղին և քամու ուժգին պոռթկումը ինքնաթիռը վայրէջքի գոտուց հեռացրել են 150 մետրով։
«Կանգնելուց հետո միայն հասկացա, որ ծովից ընդամենը հինգ մետր հեռավորության վրա ենք»,- լրագրողներին պատմել է ուղևորներից մեկը։
Անձնակազմն անհապաղ տարհանում է կազմակերպել վթարային սանդուղքներով: Ականատեսների վկայությամբ՝ չնայած լարված իրավիճակին, ամեն ինչ բավական արագ է անցել։
Նորվեգական ավիաընկերության խոսնակ Սառա Ներգարդը հաստատել է, որ միջադեպի պատճառ է դարձել սայթաքուն թռիչքուղին և ուժեղ քամին։ Անձնակազմի բոլոր անդամները այնա մեջ ալկոհոլի առկայության թեստ են անցել, թեստը բացասական արդյունք է ցույց տվել։



























