Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` դեկտեմբերի 14-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, ով ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ այցելել է առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Լոնսդեյլը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին այն մասին, որ ինքը նշանակվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության առաքելության փոխղեկավար: Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները, առաջիկա ընտրությունների օրինականությունը եւ թափանցիկությունն ապահովելու միջոցները, այս առումով` ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի եւ ԵՄ-ի կողմից արդյունավետ քայլերի իրականացումը, մասնավորապես` միջազգային ազդեցիկ դիտորդական առաքելության կազմակերպման եւ ընտրությունների համարժեք գնահատման կարեւորությունը:
Նախագահ Տեր-Պետրոսյանը հաջողություն է մաղթել դեսպան Լոնսդեյլին իր հետագա գործունեության մեջ:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:




























