Անցած օրվա ընթացքում Մոսկվայում և մարզում հեռախոսային խարդախների ցուցումով ավելի քան 10 բանկոմատների հրկիզում և հասարակական վայրերում պիրոտեխնիկական արտադրանքի պայթյուններ են իրականացվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում բանկոմատների հրկիզման և առևտրային կենտրոններում ու հասարակական այլ վայրերում հրավառության և ճայթռուկների պայթյունների ավելի քան 10 դեպք է գրանցվել։ Իրավախախտները ձերբակալվել են, բոլոր դեպքերում էլ մարդիկ գործել են հեռախոսային խաբեբաների ցուցումներով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա վկայությամբ, ձերբակալվածների մեջ շատ տարեցներ կան։ «Ներկայումս այս փաստերի առնչությամբ կատարվում է հետաքննություն, որի արդյունքներով օրենքով սահմանված կարգով որոշում կկայացվի»,- հավելել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
Ավելի վաղ դատախազության նախկին քննիչ, փաստաբան Ստալինա Գուրևիչը ՏԱՍՍ-ին ասել էր, որ «ուկրաինացի խարդախների» ցուցումով հրկիզումները և շենքերում ճայթռուկների պայթյունները վերաբերում են ծանր հոդվածներով քրեական գործերի, պատասխանատվությունից չի ազատի նաև այն, որ հանցագործությունը կատարվել է խարդախների ազդեցությամբ։



























