ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտահոգված է, որ թուլացած Իրանը կարող է որոշել միջուկային զենք ստեղծել, կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Թեհրանի «սովորական հնարավորությունները» նույնպես կրճատվել են, CNN-ին ասել է Սալիվանը՝ նկատի ունենալով իսրայելական վերջին հարվածները իրանական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային գործարաններին և հակաօդային պաշտպանության օբյեկտներին:
«Զարմանալի չէ, որ (Իրանում) հնչում են ձայներ, որոնք ասում են. «Միգուցե մենք պետք է հենց հիմա միջուկային զենք ստեղծե՞նք... Հնարավոր է, որ պետք է վերանայենք մեր միջուկային դոկտրինան», - ասել է Սալիվանը:
Սպիտակ տան պաշտոնյայի կարծիքով, այժմ «իրական վտանգ» կա, որ Իրանը կվերանայի իր դիրքորոշումն այն մասին, որ «մենք չենք պատրաստվում միջուկային զենք ստեղծել»։
«Մենք հիմա փորձում ենք զգոն լինել այս վտանգի հանդեպ: Սա վտանգ է, որի մասին անձամբ կտեղեկացնեմ նոր թիմին»,- ասել է Սալիվանը՝ հավելելով, որ այդ հարցով խորհրդակցել է նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելի հետ։





























