Խմելնիցկու մարզում դեկտեմբերի 23-ի գիշերը վնասվել է ձեռնարկություն ռուսական անօդաչուների գրոհի հետեւանքով, տեղեկացրել է մարզային վարչության ղեկավար Սերգեյ Տյուրինը։

Նրա խոսքով՝ գրոհի հետեւանքով ձեռնարկության տեխնիկան վնասվել է, մեկ մարդ՝ վիրավորվել։ Բացի այդ, կոտրվել են առանձնատների ապակիները, վնասվել է ավտոմեքենա: Տյուրինը հավելել է, որ ընդհանուր առմամբ հակաօդային պաշտպանության ուժերը տարածաշրջանում ոչնչացրել են հինգ անօդաչու թռչող սարք։

Կիեւի մարզում ընկած անօդաչուների բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գիծը, չորս առանձնատուն, ավտոտնակ եւ երեք մեքենա, ասել է շրջանային վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն։ Նրա խոսքով՝ կրիտիկական կամ բնակելի ենթակառուցվածքներին հարվածներ չեն հասցվել, զոհեր եւ վիրավորներ չկան։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ դեկտեմբերի 22-ի ժամը 10:00-ից մինչեւ դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն ռուս զինվորականները 72 անօդաչու թռչող սարք են ուղարկել Ուկրաինայի տարածք, որոնցից 47-ը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, իսկ 25-ն ընկել է առանց վնաս պատճառելու։ Զինվորականների տվյալներով՝ անօդաչու սարքեր են խոցվել Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Կիեւի, Չեռնիգովի, Չերկասիի, Ժիտոմիրի, Խմելնիցկու եւ Օդեսայի մարզերում։