Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր` դեկտեմբերի 14-ի երեկոյան, երկրի կառավարության շենքի դիմաց անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցներից 36-ը սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադը»` վկայակոչելով Al-Ahram ինտերնետ-պորտալը, թունավորման աղբյուրը մսից պատրաստված կարկանդակներն են, որոնք մի անծանոթ կին է բերել վրանային ճամբար: Ականատեսների խոսքով, կինը նախկինում երբեք չի երեւացել ցուցարարների մեջ:

Նա կառավարության շենքի մոտ է եկել ավտոմեքենայով, կարկանդակներ բաժանել ցուցարարներին ու հեռացել:

Թունավորվածները կասկածում են, որ իրենց դիտավորյալ են թունավորել, գրում է «ՌԻԱ նովոստին»: