Ռուս խորհրդարանականները պատասխանել են եվրոպականներին` նշելով, որ նրանք անցնում են իրենց իրավասությունների սահմանները:

Ըստ նրանց` Եվրախորհրդարանի բանաձեւը, որը կոչ է անում Ռուսաստանում խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել, «ճիշտ չէ»  եւ «ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտություն է»:

Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին լրագրողներին ասել է, որ Եվրախորհրդարանը, ինչպես միշտ, երկակի ստանդարտներ եւ ծեծված սցենարներ է խաղարկում: Չգիտես ինչու հաշվի չի առնվում խորհրդարանական ընդդիմության կարծիքը, որը որոշել է մանդատները վայր չդնել եւ շարունակել պայքարը:  «Հաշվի են առնվում կողմնակալ դիտորդների նախնական եզրակացությունները, օրինական գրանցում չունեցող կուսակցությունների հայտարարությունները եւ ցուցարարների պահանջները, որոնք ե'ւ Ժիրինովսկին, ե'ւ Զյուգանովն անվանել են «նարնջագույն համաճարակ»,- նշել է պատգամավորը:

Նա նշել է, որ միայն Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք ունեն իրենց երկրի ապագան ընտրելու, իսկ արտասահմանյան «քաղաքական բաղադրատոմսերի» կարիք չեն զգում, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն:
Իր հերթին Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Տորշինը եվրոպական խորհրդարանականներին խորհուրդ է տվել  սեփական խնդիրներով զբաղվել, որոնք Եվրոպայում, տնտեսական ճգնաժամով պայմանավորված, առավել քան բավարար են:

«Նման հայտարարությունները Ռուսաստանի եւ Եվրոպական Միության միջեւ վստահության ամրապնդմանը չեն նպաստում», - rbc-ի փոխանցմամբ` ասել է նա:

Հիշեցնենք, Եվրախորհրդարանի բանաձեւը պարտադրող բնույթ չի կրում: Փաստաթղթի հեղինակները պահանջում են «ազատ եւ արդար ընտրությունների անցկացում` բոլոր ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ» եւ մատնանշում են «ընտրական ընթացակարգերի խախտումները, զանգվածային լրատվամիջոցների անկողմնակալության բացակայությունը, անկախ դիտորդներին հետապնդելը եւ կուսակցության ու պետության տարբերակման բացակայությունը»: