Ռուսական Ursa Major («Մեծ արջ») առեւտրանավը խորտակվել է Միջերկրական ծովում, Իսպանիայի եւ Ալժիրի միջեւ միջազգային ջրերում, տեղեկացրել են El Español-ը եւ La Verdad-ը։ Նրանց տվյալներով՝ դեկտեմբերի 23-ի ցերեկը, երբ նավը անցնում էր Ջիբրալթարի նեղուցի արեւելքով, նրա մեքենայական բաժնում պայթյուն է տեղի ունեցել։ Դրանից հետո այն շեղվել է ուղեգծից եւ սկսել շրջվել։
Խորտակվելուց հետո անձնակազմի երկու անդամներ անհետ կորել են, 14 նավաստիների հաջողվել է փրկել։ Նրանց տեղափոխել են իսպանական Կարթագեն քաղաք։ Նավի կապիտանը հայտնել է, որ վթարի պահին այն դատարկ բեռնարկղեր էր տեղափոխում։ Marine Traffic սերվիսի տվյալներով՝ Ursa Major-ը մտել է Միջերկրական ծով ռուսական այլ նավերի՝ երեք մեծ դեսանտանավերի («Իվան Գրեն», Ալեքսանդր Օտրակովսկի» եւ «Ալեքսանդր Շաբալին»), ինչպես նաեւ «Սպարտա» ջերմանավի հետ միասին։
Ursa Major-ը Սանկտ Պետերբուրգից դուրս էր եկել դեկտեմբերի 11-ին։ Պաշտոնապես նրա նպատակակետը եղել է Վլադիվոստոկը, որտեղ նավը պետք է հասներ հունվարի 22-ին։ Նավի սեփականատերը՝ ՊՆ մաս կազմող «Օբորոնլոգիստիկա» ընկերությունը, ավելի վաղ հայտնել էր, որ նավը տեղափոխում էր «խոշոր նախագծային բեռ՝ որպես նավահանգստային ենթակառուցվածքի եւ Հյուսիսային ծովային երթուղու զարգացման պետական առաջադրանքների իրականացման մաս»: Սակայն OSINT վերլուծաբան H.I. Sutton-ը, որը մասնագիտացած է ծովային հարցերում, կարծում է, որ ամենայն հավանականությամբ նավը մեկնում էր Տարտուս «ռուսական ռազմական տեխնիկան վերցնելու եւ [ռուսական] բազան ապամոնտաժելու համար»։ Մինչ այդ Ursa Major-ը երկար տարիներ տեղափոխում էր, այսպես կոչված, «Սիրիական ճեպընթացի»՝ Սիրիայում ռուսական զորքերի մատակարարման բեռները:





























