3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար շինթույլտվության տուրքը 8-րդ գոտու համար սահմանվել է 4 մլն դրամ 2024 թվականին սահմանված 5 մլն դրամի փոխարեն, որի մասով 2024-ին գործում էր 20 տոկոս արտոնություն, ինչպես նաև պայմանավորված այն հանգամանքով, որ 2023-ին ընդունված օրենքի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության շինարարություն իրականացնելու թույլտվության դրույթը 2024 թվականի փետրվարի 8-ից ուժը կորցրած է ճանաչվել, և նշված տեղական տուրքի տեսակը նախագծում չի ներառվել: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ նշեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ տեղական տուրքերի դրույքաչափերը փոխելու հարցի քննարկման ժամանակ:
«Որոշման մեջ կիրառվել են տեղական տուրքերի և վճարումների մասին օրենքով սահմանված գոտիականության գործակիցները»,- ասաց նա:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ նոր տուրքերը, որոնք սահմանվում են, ստրատեգիական որևէ փոփոխություն չեն բերում, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու հարցին:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չհամաձայնեց կարծիքի հետ՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանի նպատակը Երևանում կառուցապատում թույլ չտալը չէ, այլ հատակագիծ ունենալը՝ հասկանալու համար, թե ինչ կառուցապատում է թույլատրվում այս կամ այն վայրում:




























