Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի «Արտաշատ» բժշկական կենտրոնում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բժշկական կենտրոնի աշխատակիցների մեծ մասը հավաքվել էր կենտրոնի մոտ, որտեղից ոտքով ժամանեցին Արարատի մարզպետարան, և պահանջում էին, որպեսզի մարզպետարանը հստակ պատասխան տա, թե երբ է իրենց խնդիրը լուծվելու:
Աշխատակիցներն խնդիրը քննարկել են մարզպետարանի նիստերի դահլիճում և մարզպետարանի 2 պաշտոնյա ասել են, որ այս պահին մարզպետը գտնվում է Երևանում ու համապատասխան պաշտոնյաների հետ քննարկում է հիվանդանոցի խնդիրները, որպեսզի այն օր առաջ լուծում ստանա:
Մարզպետարանի այդ պատոնյաները նշում էին, որ իրենք ուզում են հավատալ, որ դեկտեմբերի 27-ին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմի՝ մի քանի ամիս չվճարված աշխատավարձերը կվճարվեն, սակայն բոլորը միաբերան նշում էին, որ դա հերթական փափուկ բարձն է, որ դրվում է իրենց գլխի տակ:
Կայքի հետ զրույցում աշխատակիցներն ասել են. «Այս պատմությունը երկար ու ձիգ ամիսների պատմություն է: Արդեն քանի ամիս է՝ ասում են՝ էսօր-էգուց, բայց սայլը տեղից չի շարժվում, անգամ այդ պայմաններում հիվանդանոցի բժիշկները, մայրապետները, մյուս ծառայությունների աշխատակիցները աշխատել են, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բայց հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է:
Ուզում ենք, որպեսզի Փաշինյանն ինքը իր անմիջկան հսկողության տակ վերցնի բարձրացրած հարցերը և այդ ժամանակ կհավատանք. որ օրերի ընթացքում խնդիրը կլուծվի:
Առողջապահության նախարարին չենք հավատում, որովհետև նա միայն սին խոստումներ է տալիս: Երբեմնի ծաղկուն հիվանդանոցը, կարծես թե, միտումնավոր տանում են կործանման, հիմա էլ ասում են՝ դեկտեմբերի 27-ին վճարումները կանենք:
Մենք չենք հավատում, որովհետև նման խոստումներ տևական ժամանակ է՝ լսում ենք»:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բուժանձնակազմի և մարզպետարանի պաշտոնյաների միջև հանդիպումը ավարտվել է, աշխատակիցներն ասել են, եթե ամսի 27-ին դարձյալ խնդիրը չլուծվի, դիմելու են ավելի կտրուկ միջոցների:



























