Աջափնյակի եւ Սուրմալուի մոտ մետրոյի կայարաններ կառուցելու համար 2025-ի բյուջեով նախատեսել եք 9 միլիարդ դրամ. ինձ հստակ ասեք, դա նախատեսվում է 2025-ին վերջացնե՞լ, որովհետև 2023 թվականի մարտի 2-ին կառավարության նիստի ժամանակ պարոն Ավինյանը հայտարարեց, որ երկու տարում պետք է կառուցված լինի, մնացել է 2-3 ամիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանի ավագանու նիստում քաղաքի 2025-ի բյուջեի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:
Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ես կպատասխանեմ, քանի որ Stand-up comedy ժանրը ոնց որ կամաց-կամաց ավելի տարածվում է մեր ավագանու անդամների շրջանում: Ես նույնպես մեկ-մեկ սխալվում են: Այո, այդպիսի բան էլ է տեղի ունենում, պարոն Իսկանդարյան, պատկերացնու՞մ եք: Եվ այո, ես այդ հայտարարության ժամանակ սխալվել եմ։
Հաջորդ տարի Աջափնյակի կայարանի համար նախատեսված բյուջեն հիմնականում ուղղվելու է օտարումներին: Պարզ փորձաքննությունը ստացել ենք արդեն, մնացել է համալիր փորձաքննությունը, ՇՄԱԳ-ը անցել ենք Աջափնյակի կայարանի համար: մեր հիմնական նպատակն է հաջորդ տարի ունենալ արդեն իսկ փաստացի արձանագրված կառուցապատող, աշխատում ենք Եվրասիական հիմնադրամի հետ»:
Գրիգոր Իսկանդարյանն արձագանքեց. «Տեսեք, դեռ Stand-up-ը դեռ չի սկսվել, բայց համենայնդեպս, ես գիտեմ, որ մոտ 6,5 միլիարդ դրամ անշարժ գույքի գույքահարկից ավելանում է միայն թանկացման արդյունքում այս տարի:
Երկրորդը, որ ասում եք՝ ես մեկ-մեկ սխալվում եմ, մեկ-մեկ չի, պարոն Ավինյան, այդ երկու տարին էլ եք սխալվել, տեխհսկողության առումով ու մնացած այլ-այլ խոստումներով էլ եք սխալվել:
Իսկ Stand-up-ի հետ կապված, տեսեք, ներկայացուցչական ծախսերը մոտ 7,5 միլիոն դրամով ավելացել են, պլանավորում եք էլի ԱՄՆ մեկնել, հա՞»:
Ավինյանն ասաց, որ Երևանի քաղաքապետը հարկ եղած դեպքում, եթե հարկ է համարում և Երևանի քաղաքապետարանի անձնակազմը նույնպես հարկ եղած դեպքում պետք է մեկնեն այն քաղաքներ, որոնցից մեր քաղաքը ունի սովորելու բաներ:





























