Մենք ուսումնասիրում ենք արտոնությունները, դրանց մի մասը կչեղարկվի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կվճարեն 20 տոկոս հարկ։ Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ խոսքը աջակցության գործիքանու փոփոխության մասին է։ «Մենք ասում ենք, որ պետությունը պատրաստ է վճարել ՏՏ ոլորտի աշխատողների կրթության ծախսերը։ Այսինքն՝ մենք հարկեր ենք հավաքելու, այդ միջոցների մի մասը ծախսելու ենք կրթության վրա»,- ավելացրել է նախարարը։ Պաշտոնյան վստահեցրել է, որ ՏՏ աջակցության փաթեթի շրջանակում նախարարությունը մեծ աշխատանք է կատարել շուկան ուսումնասիրելու ուղղությամբ՝ նպատակային լուծումներ գտնելու համար։

Շրջանառության հարկի չափի փոփոխության մասով նա կրկնել է, որ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք կապահովեն փաստաթղթավորման բարձր մակարդակ, հարկի չափը նույնիսկ կնվազի։

Նրա տվյալներով՝ ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը չի կրճատվել եւ կազմում է մոտ 30 հազար մարդ։ Ոլորտի ավելի դինամիկ զարգացման խոչընդոտ նախարարը համարում է ոչ թե հարկերը, այլ կրթությունը եւ որակյալ կադրերի պակասը, ինչի հետ էլ կապված են կառավարության մտադրությունները՝ ավելացնելու աջակցությունն այս ուղղությամբ։ «Բացի այդ, մենք ստանձնել ենք միջազգային պարտավորություններ՝ չիրականացնելու նման քաղաքականություն հարկային արտոնությունների մասով, որը կխախտեր ողջ համակարգի աշխատանքը։ Այս իմաստով Հայաստանը «գորշ գոտում» է, եւ արտոնությունների չեղարկման միջոցով մենք երկիրը հանել ենք այդ գոտուց»,- ավելացրել է ֆիննախարարը։

Հովհաննիսյանը նշել է, որ խորհրդարանը քննարկում է շրջանառության հարկի համակարգից գործունեության որոշակի տեսակների բացառման նախագիծ։ «Արդեն օրենք է ընդունվել, որ օրինական եւ նոտարական գործունեությունը հանվում է շրջանառության հարկի այս համակարգից եւ տեղափոխվում ընդհանուր հարկային դաշտ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2025թ. Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի շրջանառության հարկը կկրկնապատկվի, ինչպես նաեւ նախատեսվում է նեղացնել միկրոձեռնարկությունների համակարգի շահառուների շրջանակը։