Բյուջեի ծախսերի կատարման մակարդակը տոկոսային հարաբերակցությամբ իջել է՝ չնայած անվանապես ավելացել է։ Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա սա կապել է ավելի ցածր հարկային եկամուտների հետ, որոնք 2024թ. նախատեսվածից մոտ 200 մլրդ դրամով (ավելի քան 500 մլն դոլար- խմբ.) պակաս կլինեն։ «Այս առումով մենք զսպել ենք բյուջեի ծախսերի կատարումը, որպեսզի լրացուցիչ խնդիրների չհանդիպենք»,- հավելել է պաշտոնյան։
Նախարարն իր հերթին բյուջեն չկատարելը պայմանավորել է նրանով, որ տնտեսական աճի եւ գնաճի ցուցանիշները չեն եղել այն մակարդակին, ինչն ակնկալվում էր։
Հովհաննիսյանը նշել է, որ դպրոցաշինության ոլորտում ծախսերի կատարման մակարդակը նվազել է, ինչը պայմանավորված է բազմաթիվ մրցույթների հաղթողների հրաժարվելով կանխավճարներից, որոնք իրենք կարող էին ստանալ։ Նա համոզված է, որ 2025-ը աննախադեպ տարի է լինելու այս ոլորտի համար, քանի որ շինարարական աշխատանքներ են իրականացվելու միանգամից 150 դպրոցներում։
Նախարարը թերահավատ է, որ Երեւանում հիփոտեկային վարկերի գծով հարկերի վերադարձի համակարգի վերացումը կհանգեցնի հարկերի հավաքագրման փոփոխությունների։ Նա հուսով է, որ այս պրակտիկայի վերացումով շինարարության տեմպերը չեն դանդաղի, այլ միայն կտեղափոխվեն մարզեր։ «Առաջին նշաններն արդեն կան»,- վստահեցրել է Վահե Հովհաննիսյանը։




























