Իմ հայտարարագրի հետ կապված խնդիրների առաջացման դեպքում պատրաստ եմ պատասխանատվություն կրել։ Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա հավաստիացրել է, որ մեքենաների մասին տվյալները լրացնելիս բավականաչափ ուշադրություն չի հատկացրել՝ համարելով, որ դա այնքան էլ էական հարց չէ։ «Այն ամենը, ինչն էական եմ համարել, գրանցվել է պատշաճ ձեւով»,- ավելացրել է Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ լրագրողները կարող են իրենք ուսումնասիրել հայտարարագիրը եւ եզրակացություններ անել՝ դրանում կոռուպցիոն տարրեր կա՞ն, թե՞ ոչ։ Նա ասել է, որ իր հայտարարագրում նշված վարկը (1 մլն դոլարի չափով - խմբ.) չի անհետացել, այն պաշտոնապես «տվել» է երրորդ անձի. «Չեմ կարծում, որ պետք է որեւէ բան փոխհատուցեմ եւ չեմ պատրաստվում դա անել, քանի որ ոչ մեկին չեմ վնասել»,- եզրափակել է նախարարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին փաստաբանների խումբը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վահե Հովհաննիսյանն իր հայտարարագրում գրել է, որ ստացել է 1 մլն դոլար վարկ 0 տոկոս տոկոսադրույքով, ինչպես նաեւ գրել է հակասական տեղեկություններ իր մեքենաների առքուվաճառքի վերաբերյալ։





























