Այս օրերին Հայաստանի տարբեր մանկապարտեզներում նախատոնական տրամադրություն է՝ հաստատությունների փոքրիկ սաները պատրաստել են բեմադրություններ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյանը:

Բարձր տրամադրությամբ նշում են ամանորյա տոները թիվ 121 մսուր-մանկապարտեզի սաները:

Դեկտեմբերի 25-ին մանկապարտեզում անցկացվել են  ամանորյա ցերեկույթներ: Գեղեցիկ զարդարված դահլիճը, տոնածառը, նվերները, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը և շատ այլ հեքիաթային կերպարները սպասում էին նախակրթարանի փոքրիկներին: Երեխաները հաճույքով ցույց են տվել իրենց տաղանդները՝ պարել, շուրջպար կազմել,  բանաստեղծություններ արտասանել և երգել: Ոչ ոք անտարբեր չի մնացել։ Ուրախություն և հույզերի ծով են առաջացրել նվերները, որոնք երեխաներին հանձնել է հենց Ձմեռ Պապը:

«Սրտանց շնորհավորում ենք մեր փոքրիկներին, մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակների բերկրանք: Այս ամենն հնարավոր չէր իրականացնել առանց քաղաքպետարանի աջակցության. տարեվերջյան տոնական միջոցառումների ժամանակ երեխաներին հանձնվել է քաղցրավենիքի փաթեթ, ստեղծելով բարձր տրամադրություն թե մեծերի, թե փոքրիկների համար: Ինչ կախված է մեզնից, մենք կանենք հնարավորինս ամեն ինչ, մեր սաների տրամադրությունը բարձր պահելու համար», - շնորհավորել է  փոքրիկներին թիվ 121 մսուր-մանկապարտեզի տնօրեն՝ Լ. Պողոսյանը: