Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ փորձելով հերթական անգամ մեղքը բարդել նախկինների վրա։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի գործողությունները ցույց են տալիս, որ նա չի մարսել ստեղծված իրավիճակը, որքան էլ ջանան լռեցնել հասարակության մի հատվածին, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդ մարդիկ համաձայն են իշխանությունների գործողությունների հետ։
«Ընդդիմությունը չի սահմանափակվել միայն հայտարարություններով, ինչի մասին են վկայում 44-օրյա պատերազմից հետո ձևավորված շարժումները։ Ընդդիմությունը փողոցային պայքարի միջոցով փորձեց հասարակական տրամադրություններ գեներացնել և իշխանափոխության հասնել ։
Ձախողումների պատճառն այն էր, որ իշխանություններն ասում էին, թե Արցախի գոյությունը սպառնում է Հայաստանին։ Այսինքն՝ խաղաղ օրակարգի մասին կարգախոսներով իշխանության եկած ուժը ժողովրդին սպառնում էր պատերազմով։ Նույնն արեցին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ, ինչպես նաև Կիրանցում և այլ վայրերում Ադրբեջանին տարածքներ հանձնելիս։
Իշխանությունները բնակչության շրջանում կարծիք են ձևավորել, թե Հայաստանն արտաքին սպառնալիքներին դիմակայելու կարողություն չունի, ուստի պետք է հաշտվի Ադրբեջանի պահանջների հետ։
Այս ֆոնին ընդդիմությունը զգուշացրել և շարունակում է զգուշացնել, որ յուրաքանչյուր նոր զիջումով Ադրբեջանը միայն կավելացնի իր պահանջները»,- հավելել է Աբրահամյանը։











