ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 25-ի ճեպազրույցում, պատասխանելով հայ լրագրողի հարցին, անդրադարձել է Ռուսաստանի ֆինանսական մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի թեմային։

Սկզբում նա պատմել է 2010 թվականից հանրապետությունում իրականացվող դպրոցական սննդի ծրագրի մասին։

Ռուս դիվանագետն անդրադարձել է դպրոցների սննդի ազգային համակարգին, օպտիմալացում ստեղծելու ծրագրին։ Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանի հատկացրած միջոցների ընդհանուր ծավալը՝ ներառյալ 2024-2028 թվականների ֆինանսավորումը, ավելի քան 68 միլիոն դոլար է կազմում։

«Ռուսական հատկացումների հաշվին ավելի քան 1000 դպրոցների տարրական դասարանների աշակերտները բարձրորակ և հավասարակշռված սնունդ են ստանում։ Գրեթե 100 դպրոցներ, օրինակ, արևային մարտկոցներ են տեղադրել։ Էներգախնայողության հաշվին թողարկված միջոցները՝ մոտ 390 հազար դոլար, ուղղվում են դպրոցական ենթակառուցվածքների զարգացմանը և դարձյալ՝ աշակերտների սննդի բարելավմանը»,-պատմել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Բացի դրանից, ըստ նրա, Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում, Հայաստանի դպրոցներին օգնություն տրամադրելուց զատ, Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում է ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների և համակարգերի ներուժը։

«Եվ մենք դրա մասին պարբերաբար խոսում ենք այլ երկրների համատեքստում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով իրականացվում են երկրի գյուղական շրջանների զարգացում, բնական զբոսաշրջություն, երիտասարդության համար աշխատատեղեր ստեղծելու իրավասության ուժեղացում, կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմադրողականության բարձրացում և կորոնավիրուսի հետևանքների հաղթահարում»,-ընդգծել է Զախարովան։

Նա հավելել է, որ 2021 թվականից հետկոնֆլիկտային վերակառուցմանն աջակցելու համար՝ առավել տուժած տարածքների ծրագիր է մեկնարկել: Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ այդ ծրագրերի շրջանակում տրամադրվում է բնակարանաշինություն, աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մթերք արտադրողներին, իրականացվում է մարտական ​​գործողությունների մասնակիցների վերաինտեգրում։

«Եվ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցելով՝ Ռուսաստանն աշխատում է բարելավելու հիմնական ծառայությունների մատուցման արդյունավետությունը, շարունակական խնամքը և հաշմանդամություն ունեցող երեխաներին և մեծահասակներին աջակցելը: Իսկ Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) Ռուսաստանի հաշվին նախաձեռնություններ է իրականացնում՝ ի շահ արտահանմանն ուղղված ճյուղերի մրցունակության բարձրացման»,- նշել է նա:

Զախարովան հավելել է, որ բացարձակապես թերի, միայն ցուցիչ ցանկն է այն նախագծերի, որոնք Հայաստանում իրականացվում են ռուսական ֆինանսավորմամբ միջազգային կազմակերպությունների միջոցով։

«Իսկ այլ նախաձեռնություններն ընդգրկում են Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներ, մասնավորապես՝ տրանսպորտը, էներգետիկան, շրջակա միջավայրի պաշտպանությունը, աղքատության հաղթահարումը, առողջապահությունը, ներառյալ նորածինների առողջությունը և ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: