Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու այդ ուղղությամբ Երևանի կողմից գործադրվող ջանքերը։

Շվեդ պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանն, ինչպես նաև այդ հարցում Երևանի և Բաքվի միջև առկա տարակարծություններին։ 

Խոսելով Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակության մասին՝ շվեդ պատգամավորը դրական գնահատեց այդ ուղղությամբ Երևանի գործադրած ջանքերը։

«Դրական է տեսնել, որ Երևանն ակտիվորեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ»,-ընդգծել է Էրիկ Հելսբորնը։

Շվեդ պատգամավորն, անդրադառնալով այն հանգամանքին, որ ապաշրջափակման հարցում Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել այսպես կոչված «միջանցքի» տրամաբանությունը, շեշտեց, որ Հայաստանի տարածքով անցնող բեռնափոխադրումները պետք է կատարվեն՝ համաձայն հայկական պայմանների։

«Հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանում է ավելի հեշտությամբ մարդկանց և ապրանքները տեղափոխել իր հիմնական տարածքից դեպի արևմտյան էքսկլավի (խմբ․ նկատի է առնվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը) տարածք: Բայց Բաքուն պետք է հասկանա, որ հայկական տարածքով անցնող բոլոր փոխադրումները պետք է իրականացվեն հայկական պայմաններով»,-նշեց շվեդ պատգամավորը։

Զրուցակիցն անդրադարձ կատարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ Ադրբեջանի սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ է պարունակում․ «Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիաների պատմությունը՝ ես կասեի, որ նման մտահոգությունները հասկանալի են»։