Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աննա Կարապետյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ընդգծել, որ Խորհուրդն ապահովում է արդյունավետ փոխգործակցություն պետական և հասարակական կառույցների միջև՝ նպատակ ունենալով վեր հանել անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, ապահովել երեխայի լավագույն շահը, բարձրացնել երեխաների համար արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև խթանել միջգերատեսչական համագործակցությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նիստի ընթացքում ներկայացվել են Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել Հայաստանում Բարնահուս մոդելի ստեղծման, լիարժեք ձևավորման և դրա կիրարկման գործընթացներին, ինչպես նաև Խորհրդի կազմում ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը: Խորհրդի ներկայացուցիչները կարևորել են նաև ոլորտի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի ամփոփիչ դիտարկումների կատարմանն ուղղված գործուն ջանքերի ներդնումը և համագործակցությունը:
Նիստի ավարտին նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ և համակարգային համագործակցության համար՝ նախանշելով գալիք նիստի օրակարգային թեմաները՝ ոլորտում առկա բացերի և խնդիրների արձանագրումը, միջազգային մոնիթորինգային մարմինների կողմից ներկայացված հանձնարարականների կատարմանն ուղղված առաջանահերթ գործողությունների մշակումը, քրեադատավարական գործընթացներում հոգեբանների արդյունավետ ներգրավումը, ինչպես նաև Բարնահուս մոդելի կիրառման կատարելագործումն ու ընդլայնումը:
Հիշեցնենք, որ Բարնահուս կենտրոնը երեխաների համար «հարմար» տարածքում՝ «մեկ հարկի տակ» երեխաներին առաջարկվող բազմաթիվ ծառայությունների համալիր է, որի նպատակն է աջակցել երեխաների պաշտպանությանը, վերականգնմանը և արդարադատությանը՝ երեխաների համար նպաստավոր և ապահով միջավայրում։





























